Խաղաղության կորպուսի էվակուացված կամավորները շարունակում են օգնել հայ պատանիներին Միացյալ Նահանգներից
Ոգեշնչող պատմություն կորոնավիրուսային դարաշրջանում
31-ամյա Էլիզաբեթ Մորգանը Հայաստանում ծառայող 70 ամերիկացի կամավորներից մեկն էր, ով ստիպված էր COVID-19-ի տարածման պատճառով վաղաժամկետ ընդհատել իր ծառայությունը Սիսիանում և վերադառնալ ԱՄՆ։
Վարակի տարածման, չվերթների սահմանափակման, դպրոցների և կազմակերպությունների գործունեության դադարեցման հետևանքով, ԱՄՆ Խաղաղության կորպուսը մարտ ամսին որոշում կայացրեց տարհանել երկրում ծառայող բոլոր կամավորներին։ Կամավորներն անվտանգ վերադարձան ԱՄՆ, որպեսզի համաշխարհային ճգնաժամի այս օրերին իրենց ընտանիքների և մտերիմների կողքին լինեն։
ԱՄՆ վերադառնալով՝ Էլիզաբեթը տասնչորս oր ինքնամեկուսացվեց։ Սակայն նույնիսկ այդ ժամանակահատվածում և մինչ օրս, տեղեկատվական տեխնոլոգիաների խելացի կիրառման շնորհիվ Էլիզաբեթը շարունակում է օգնել և աշխատել այս պահին տանը գտնվող ավելի քան 2,000 հայ պատանիների հետ։
«Խաղաղության կորպուսի մի քանի այլ կամավորների հետ միասին ես օգնում եմ «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ին իրականացնել անգլերեն լեզվով ասմունքի մրցույթ 12-17 տարեկան պատանիների համար։ «ԼԻՏ Ազդեցիկ խոսքեր» խորագիրը կրող մրցույթին այս տարի մասնակցում է ավելի քան 2,000 աշակերտ Հայաստանի բոլոր մարզերից։ Հունվար ամսից սկսած՝ նրանք սովորում են ասմունքել անգլիագիր բանաստեղծների հայտնի ստեղծագործություններ։ Արդեն տասներորդ տարին է, ինչ մրցույթը իրականացվում է Հայաստանում, սակայն ստեղծված իրավիճակի պատճառով, մենք վախենում էինք, որ այս տարի այն չի կայանա։ Բարեբախտաբար, մենք կարողացանք գտնել մրցույթի իրականացման համար նոր տարբերակ և վստահ ենք, որ ԼԻՏ-ի 10-րդ տարին լավագույնն է լինելու,-պատմում է Լիզը։»
Անգլերեն պոեզիայի ասմունքի այս մրցույթը (ԼԻՏ) առաջին անգամ Հայաստանում սկսել են Խաղաղության կորպուսի կամավորները։ Վերջին մի քանի տարիներին այն իրականացնում է «Գործընկերություն և Ուսուցում» ՀԿ-ն՝ Խաղաղության կորպուսի կամավորների հետ համատեղ։ Կազմակերպության տնօրեն Արտաշես Տոռոզյանը պատմում է․«Մենք նպատակ ունեինք այս տարի մրցույթի տասնամյակի կապակցությամբ ներգրավել 2020 աշակերտ։ Գիտակցելով, թե որքան դժվար կլինի լսել այդքան մեծ թվով աշակերտների կենդանի կատարումները, Խաղաղության կորպուսի գործընկերության ծրագրի դրամաշնորհի միջոցով, X-TECH կազմակերպության օգնությամբ, մենք ստեղծեցինք օնլայն հավելված, որը հնարավորություն կընձեռեր աշակերտներին ձայնագրել իրենց ելույթները հեռախոսով և ներբեռնել դրանք մրցույթի առաջին փուլում ժյուրիին ներակայացնելու համար։ Երբ մենք սկսեցինք մեր համագործակցությունը X-TECH-ի հետ, չէինք կարող պատկերացնել, որ այն կարող է փրկել մրցույթը»։
«Մեր նպատակն էր հավելվածն օգտագործել միայն ծրագրի առաջին փուլում։ Բայց երբ արդեն ժամանակն էր սկսելու մեր մրցույթի մարզային փուլը, հասկացանք, որ այնքան էլ անվտանգ չի մեծ խմբով աշակերտներ մեկտեղ հավաքելը։ Ստիպված էինք մի շարք մրցույթներ հետաձգել։ Թվում էր՝ այս տարի այլևս հաղթող չենք ունենա։ Սակայն մենք որոշում կայացրեցինք մրցույթի եզրափակիչ փուլերը նույնպես առցանց անցկացնել․չէ որ մենք չէին կարող հիասթափեցնել մեր մասնակիցներին։ Շատ տխուր կլիներ չնշել մեր մրցույթի տասնամյակը»,-պատմում է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի ԼԻՏ ծրագրի ղեկավար Դավիթ Հակոբյանը։
37-ամյա Խաշան նույնպես Խաղաղության կորպուսի տարհանված կամավորներից է ։ Մինչ էվակուացվելը, Խաշան աշխատում էր Գորիսում ՝«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի մասնաճյուղում։
«Օնլայն հավելվածը վստահաբար կյանքեր փրկեց,-ասում է Խաշան։ «Տխուր էր ավարտել Հայաստանում իմ ծառայությունը ժամանակից շուտ, սակայն հավելվածի շնորհիվ մենք հիմա էլ կարողանում ենք հետևել մրցույթին և այս պայմաններում ինքնազարգացման այս տարբերակն առաջարկել հայ պատանիներին»։
Եզրափակիչ փուլն առցանց անցկացնելու որոշումն այնքան էլ հեշտ չկայացվեց, ինչպես կարող է թվալ։ «Խաղաղության կորպուսի կամավորներն էվակուացվեցին ճիշտ այն ժամանակ, երբ մենք պետք է ընտրեինք մրցույթի վերջին փուլի բանաստեղծությունները։ Ես չկարողացա հրաժեշտ տալ Էլիզաբեթին, Խաշային և մյուս կամավորներին։ Նրանք ծանոթ էին անգլերեն բանաստեղծություններին, իսկ ես՝ ոչ»,-պատմում է Դավիթը։
24 ժամ տևողությամբ թռիչքից և ծնողների առողջությունը չվտանգելու նպատակով նրանց պատուհանի մյուս կողմից ողջունելուց հետո Էլիզաբեթը կապ հաստատեց մեզ հետ․«Ես կարողացել եմ Խաղաղության կորպուսի կամավորների կողմից ընտրված բանաստեղծությունները և ուսուցիչների ուղեցույցը ներբեռնել հավելվածում,-ասում է Էլիզաբեթը,-«իսկ թիմի մյուս կամավորները կընդգրկվեն ժյուրիի կազմում, կդիտեն աշակերտների օնլայն կատարումները և առցանց կգնահատեն նրանց։ Շատ տխուր էր հեռանալ առանց հրաժեշտ տալու և ծրագիրն անավարտ թողնելով, բայց հուսով եմ, որ աշակերտներն այս նոր ընթացակարգը կսովորեն, և ես դա իմ ծառայության ձեռքբերումը կհամարեմ»։
Էլիզաբեթը և Խաշան Հայաստանում ապրում էին մեկ տարի, երբ Խաղաղության կորպուսի գրասենյակը որոշում կայացրեց նրանց տարհանել երկրից։ Նրանք հույս ունեին Հայաստանում ևս տասնյոթ ամիս անցկացնել։
X-TECH-ի գործադիր տնօրեն Արման Աթոյանը նույնպես շատ ոգևորված է հավելվածի հաջողությամբ․«Հրաշալի է տեսնել, որ մեր աշխատանքը օգտակար էր ոչ միայն Հայաստանի կրթական համակարգին, այլև նպաստում է, որ Խաղաղության կորպուսի կամավորների հետ համագործակցությունը լինի շարունակական։ Այն թույլ տվեց թե՛ ամերիկացիներին, և թե՛ հայերին շարունակել ներգրավված մնալ ԼԻՏ մրցույթում և ապացուցեց, որ տեխնոլոգիան կարող է աջակցել ստեղծարարությանը անգամ ամենադժվար պահերին»։
Արտաշես Տոռոզյանը համաձայնվում է․«2020թ․-ի մրցույթի մեր թեման «Հիշողություններ»-ն են։ Վստահ եմ, որ թե՛ մեր աշակերտները, թե՛ Խաղաղության կորպուսի կամավորները երբեք չեն մոռանա այս տարին։ Այն պատմության մեջ կհիշվի որպես տարի, երբ մենք ստեղծեցինք մեր առցանց հավելվածը և դրա շնորհիվ հաղթեցինք վարակին»։
Նկարները՝ ստորև:
Էլիզաբեթ Մորգանը ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգից շարունակում է քննարկել մրցույթի իրականացման մանրամասները Դավիթի հետ
Դավիթ Հակոբյանը Երևանից և Էլիզաբեթ Մորգանը Մերիլենդից քննարկում են աշակերտների կատարումները ԼԻՏ օնլայն հարթակում – 9000կմ․-ի հասնող սոցիալական հեռավորություն։